Ողբերգական դեպք Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:55-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ըստ շտապ օգնության և ծնողների խոսքերի՝ դիմելուց մոտ մեկ ժամ առաջ երեխան Նուբարաշենի տարածքում նստել է կայանված բեռնատարի ղեկին և խաղացել կայանված ավտոմեքենայով։ Հետո ինքնուրույն իջել է բեռնատարից, որը ինքնաշարժվել է` գցելով երեխային անիվների տակ։

Հայրը, նկատելով կատարվածը, երեխային իրենց մեքենայով բերել է իրենց տուն՝ Ազատամարտիկների փողոց։ Հասնելով տուն՝ նկատել են որ երեխահի գլխին առկա են մեծ վերքեր և գանգի դեֆորմացիա, ինչպես նաև գիտակցության կորուստ։ Այդ պահին դիմել են շտապ բուժօգնությանը, որը երեխային տեղափոխել է  «Մուրացան» մանկական հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին երեխայի ծնողի հետ զրուցում են Ոստիկանության աշխատակիցներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե որտե՞ղ է երեխան վնասվածքներ ստացել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը 5-ամյա Ա. Ա.-ն է:

Оставьте комментарий