Կարեն Աղամալյան․ Հայաստանի չեմպիոնները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարին

Այն տղաները, որոնք ցանկանում են օլիմպիական ուղեգրեր նվաճել, Հայաստանի առաջնությանը պետք է մասնակցեն իրենց քաշային կարգերում: Հաղթողը կպատրաստվի առաջին վարկանիշային մրցաշարին: Հովհաննես Բաչկովը երկու ձեռքերի վիրահատություն պետք է անցնի: Եթե հասցնի ապաքինվել, կպայքարի Փարիզ-2024-ի ուղեգրի համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնռցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում հոկտեմբերի 8-14-ն անցկացված բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Կարեն Աղամալյանի գլխավորած  թիմը նվաճել է 6 մեդալ: Ոսկե մեդալակիր է դարձել Նարեկ Մանասյանը (92 կգ), արծաթե մեդալակիր՝ Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), բրնոզե մեդալակիրներ՝  Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):

Պարոն Աղամալյան, շնորհավարում եմ Եվրոպայի գավաթի խաղարկությունում 1 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե մեդալներ նվաճելու կապակցությամբ: Հայաստանի հավաքականի հիմնական կազմն էր մասնակցում։ Նրանք առաջիկայում պայքարելու են օլիմպիական ուղեգրերի համար: Ինչպե՞ս եք գնահատում արդյունքները: Ձեզ գոհացնու՞մ է մեկ ոսկե մեդալը:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Կային, իհարկե, սխալներ, կարելի էր ավելի լավ արդյունք գրանցել, բայց թիմային պայքարում 30 երկրների մեջ գրավեցինք երրորդ տեղը: Այս արդյունքը գոհացնող է: Եվրոպայի գավաթի խաղարկությունն ասես Եվրոպայի առաջնություն լիներ: Մեծ մրցակցություն կար, ուժեղ եւ տիտղոսակիր բռնցքամարտիկներ էին մասնակցում: Մրցանակային ֆոնդը ստիպեց, որ օլիմպիական մեդալակիրներ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ, մեդալակիրներ մասնակցեն: Այս տեսանկյունից թույլ մրցաշար չէր: 6 մեդալը լավ արդյունք է:

Նարեկ Մանասյանը ոսկե մեդալակիր դարձավ եզրափակիչում առանց պայքարի: Եթե մրցակիցը չհարաժարվեր մենամարտից, ի՞նչ ելք կունենար եզրափակիչն ըստ Ձեզ:

Նարեկի մրցակիցը իտալացի բռնցքամարտիկն էր, որին նախկինում երկու անգամ պարտվել է: Կիսաեզրափակիչում իտալացին մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչի հետ, հաղթեց, բայց լուրջ վնասվածքներ ստացավ: Նարեկի հետ մենամարտից հրաժարվեց վնասվածքների պատճառով. բժիշկները թույլ չէին տվել: Չեմ կարող ասել, թե ինչպես կավարտվեր մենամարտը, բայց Նարեկը տրամադրված էր ռեւանշի եւ պատրաստ էր եզրափակիչին: Հույսեր կային, որ կհաղթեր:

Արծաթե մեդալակիր Ռուդոլֆ Գարբոյանը պայքարը սկսեց կիսաեզրափակիչից՝ արդեն բրոնզե մեդալն ապահոված…

Եվրոպայի գավաթի խաղարկությունը ցույց տվեց, որ Ռուդոլֆ Գարբոյանն իր քաշային կարգում ուժեղագույններից մեկն է: Եթե նույնիսկ պայքարը սկսեր քառորդ եզրափակիչից կամ 1/8 եզրափակիչից, վստահաբար դուրս կգար եզրափակիչ: 20 օր առաջ Անապայում անցկացված մրցաշարում եւս Գարբոյանը 22 տարեկանների մեջ շատ լավ մենամարտեր անցկացրեց եւ հաղթեց: Ռուդոլֆ Գարբոյանը բարձունքի վրա է: Նշեմ նաեւ, որ եզրափակիչից առաջ Գարբոյանը վնասվածք ուներ: Նույնիսկ մտածում էինք՝ մասնակցի եզրափակիչին, թե ոչ: Ամեն դեպքում որոշեցինք, նա տրամադրվեց եւ շատ լավ մենամարտ անցկացրեց: Հավասար պայքար էր, բավարարավեց արծաթե մեդալով: Ես նրանից գոհ եմ:

Հայաստանի հավաքականի առաջատարներ Ռաֆայել Հովհաննիսյանին, Արթուր Բազեյանին եւ մյուս բրոնզե մեդալակիրներին ի՞նչը պակասեց եզրափակիչ դուրս գալու համար: 

Այս տղաներն ունեին հնարավորություն դուրս գալ եզրափակիչ: Չստացվեց: Արթուր Բազեյանը կիսաեզրափակիչում պարտվեց այն բռնցքամարտիկին, ում նախկինում հաղթել էր: Ես նրանից ավելի մեծ սպասելիքներ ունեի:

Ռաֆայել Հովհաննիսյանը ուժեղ մրցակցի պարտվեց, աշխարհի փոխչեմպիոն էր: Ամեն դեպքում սա սպորտ է եւ ամեն ինչ հնարավոր է:

Ռուսլան Ասլիկյանը, քաշային խնդրով պայմանավորված , կիսաեզրափակիչում չդիմացավ ռուս մրցակցին: Առաջին ռաունդում հաղթեց, ապա ուժերը չբավարարեցին:

Ինչ վերաբերում է Բարեղամ Հարությունյանին, սա նրա առաջին լուրջ մեդալն էր մեծահասակներում: Նա 34-35 տարեկան տղա է: Ուրախ եմ, որ կարողացավ հասնել իր նպատակին եւ պայքարել արդեն մեդալի համար: Կիսաեզրափակիչում Բարեղամը ցավալի պարտություն կրեց: Առաջին երկու ռաունդներում հաղթում էր, բայց վնասվածք ստացավ, ճակատը բացվեց, ինչը խանգարեց նրան երրորդ ռաունդում: Բարեղամի մոտ մինչ այս չէր ստացվում, նրան թերեւս շատերը չէին հավատում, բայց հասավ իր նպատակին: Հուսամ հաջորդ մեդալներն ավելի բարձր կլինեն:

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը կրկին ձախողվեց: Ի՞նչ խնդիր կա նրա մոտ:

Դավիթ Չալոյանը դժվարությամբ է շտկում իր սխալները: Եվրոպայի գավաթում զիջեց երկրորդ մենամարտի երրորդ ռաունդում: Երեւի այդքան էլ լավ պատրաստ չէր: Չեմ կարող մեկնաբանել, թե ինչն է խնդիրը: Նա չի կրկնում իր արդյունքները, ինչը մտածելու տեղիք է տալիս: Սխալների վրա պետք է աշխատի, շտկի, ինչը մինչեւ հիմա չի արել:

Պարոն Աղամալյան, Եվրոպական խաղերում անհաջող մասնակցությունից հետո, ինչպե՞ս եւ ի՞նչ փուլերով կպատրաստվեք հաջորդ երկու վարկանիշային մրցաշարերին:

Օլիմպիական վարկանիշային մրցաշարերը տեղի են ունենալու 2024 թվականի գարնանը: Այս՝ Եվրոպայի գավաթի խաղարկությունը, մեր նախապատրաստական փուլերից մեկն էր, առաջին ստուգատեսը տղաների համար: Հունվարի 15-20-ը կանցկացնենք Հայաստանի առաջնություն, որից հետո կպատրաստվենք առաջին վարկանիշային մրցաշարին: Այն տղաները, որոնք ցանկանում են օլիմպիական ուղեգրեր նվաճել, Հայաստանի առաջնությանը պետք է մասնակցեն իրենց քաշային կարգերում: Հաղթողը կպատրաստվի առաջին վարկանիշային մրցաշարին, որը տեղի է ունենալու 2024 թվականի փետրվարի 28-ին Միլանում: Երկրորդ վարկանիշայինը տեղի է ունենալու մայիսին Թաիլանդում: Այս անգամ այլեւս չի բաժանվելու եվրոպական եւ միջցամաքային գոտիների միջեւ: Երկուսն էլ լինելու է համաշխարհային վարկանիշային մրցաշար, ինչն ավելի է բարդացնում մեր գործը: Ավելի դժվար է լինելու: Պետք է պատրաստ լինենք հաղթահարել այդ դժվարությունները:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը կպայքարի՞ օլիմպիական ուղեգրի համար:

Հովհաննես Բաչկովը վնասվածքներ ունի: Նա այժմ գտնվում է Ֆրանսիայում: Շատ հնարավոր է, որ այնտեղ աջ ձեռքի վիրահատություն անցնի: Հետագայում նաեւ ձախ ձեռքի վիրահատություն է նախատեսված: Դեռ այս պահին զբաղվում է իր վնասվածքներով: Հետագայում, եթե հասցնի վերականգնվել, կմասնակցի: Հուսով եմ, որ կկազդուրվի մինչեւ վարկանիշային մրցաշարերը: Այս պահին ոչինչ հստակ չեմ կարող ասել նրա մասին:

Փարիզ-2024-ի օլիմպիական քաշային կարգերն են 51 կգ,  57 կգ,  63,5 կգ,  71 կգ,  80 կգ,  92 կգ եւ  +92 կգ: Բոլոր քաշային կարգերում պայքարելու ենք ուղեգրերի համար:

Լուսինե Շահբազյան

Оставьте комментарий