«Փաստ»-ը գրում է․
Հայաստանի շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական նոր իրողություններն ու անվտանգային մարտահրավերները շարունակում են մնալ հանրային ու քաղաքական օրակարգի ամենասուր հարցերը։ Անորոշության և տարաբնույթ շահարկումների այս պայմաններում հատկապես կարևոր է մասնագիտական ու ռազմաքաղաքական հստակ գնահատականը՝ ստեղծված իրավիճակն իրական գույներով տեսնելու և հնարավոր սպառնալիքները կանխատեսելու համար։
Տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության շուրջ ծավալվող քննարկումների ֆոնին «Փաստ»-ի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն անդրադարձել է վերջին շրջանում տեղեկատվական դաշտում շրջանառվող թեզերին՝ մասնավորապես ռուսական 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ զորքերի ներկայության վերաբերյալ։ Անդրադառնալով իր անվան շուրջ տարածվող տարաբնույթ մեկնաբանություններին՝ գեներալ-մայորը մեզ հետ զրույցում հստակեցնում է իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ռազմաբազայի նշանակությունը դուրս է զուտ երկկողմ հայ-ռուսական հարաբերությունների շրջանակից։
Ըստ Կարապետյանի՝ 102-րդ ռազմաբազան տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորագույն գործոններից է, որն իր ազդեցությունն ունի նաև հարևան պետությունների վրա։ Նա նախազգուշացնում է, որ այդ զսպող մեխանիզմի վերացումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար՝ ստեղծելով վակուում, որն անմիջապես կլցվի աշխարհաքաղաքական այլ խաղացողների հավակնություններով։
«Եթե 102-րդ բազան այնտեղից դուրս եկավ, մեծ պատերազմ է լինելու ռեգիոնում, որովհետև մենք հանդիպելու ենք Թուրքիայի, Եվրոպայի, Իրանի, Իսրայելի, և ինչու չէ՝ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների անզիջումությանն ու ցանկություններին»,— նշում է նախկին նախարարը՝ հավելելով, որ ներկայումս Հայաստանը զրկված է տարածաշրջանային սուբյեկտ լինելու հնարավորությունից, քանի որ անկախ պետությունն ու սուբյեկտը նա է, ով ունի սեփական ձայնի և խոսքի իրավունք։
Անվտանգային համակարգերի վերաբերյալ իր դիտարկումներում Արշակ Կարապետյանը շեշտում է, որ ժամանակակից աշխարհում որևէ պետություն, եթե անգամ դա լինի Շվեյցարիան, չի կարող միայնակ երաշխավորել իր անվտանգությունը, եթե ունի բարդ հարաբերություններ հարևանների և տարածաշրջանային գերտերությունների հետ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի նման երկրի համար անվտանգության միակ երաշխիքը ռազմավարական միավորումների մաս կազմելն է։
Պատասխանելով արևմտյան ռազմական ներկայության կամ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման հնարավորությունների մասին հարցին՝ գեներալը կոչ է անում իրատես լինել՝ հարցադրում անելով, թե արդյոք Թուրքիան թույլ կտա եվրոպական որևէ ռազմաբազայի տեղակայում տարածաշրջանում։ Նա ընդգծում է, որ եղած անվտանգային մեխանիզմներից հրաժարվելու փոխարեն անհրաժեշտ է դրանք շտկել և զարգացնել։
«Փաստ»-ի հետ զրույցում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը խիստ քննադատության է ենթարկում նաև վերջին ութ տարիների ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքները։ Առաջարկելով պարզ համեմատություն կատարել ձեռքբերումների և կորուստների միջև՝ Կարապետյանն արձանագրում է, որ երկիրը կանգնած է լրջագույն կորուստների առաջ, իսկ գործող իշխանության վարած քաղաքականությունը հանգեցրել է պետական ու ազգային արժանապատվության նսեմացման։
«Մեզ անվերջ փորձում են՝ ի դեմս գործող ղեկավարի, կռացած վիճակում պահել։ Այդպես կռացած Թուրքիա են գնում, հետո՝ Դուբլին։ Ես պատրաստ չեմ կռացած շրջել»,— հայտարարում է գեներալ-մայորը՝ իր դիրքորոշումը ձևակերպելով որպես սկզբունքային մերժում նման քաղաքական գծին։
Զրույցի ավարտին Արշակ Կարապետյանն ընդգծում է, որ անձնական շահերն ու հավակնությունները վաղուց մի կողմ է դրել, իսկ երկրում ստեղծված իրավիճակն էլ ավելի է ամրապնդում իր վճռականությունը։ Նրա համոզմամբ՝ ապագա ունենալու միակ գրավականը համընդհանուր համախմբումն ու հետևողական պայքարն է, որից խուսափելու իրավունք որևէ մեկը չունի։

