Իրավիճակը զարգանում է այլ սցենարով. ի՞նչ ակնկալել Արևմուտքից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru-ն «Խուլ Եվրամիությունը. Բրյուսելը Հայաստանին սպառազինություն չի մատակարարի» վերնագրով հոդվածում գրում է, որ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Հայաստանը դժգոհություն է հայտնում ՀԱՊԿից, ինչպես նաև Ռուսաստանից՝ անարդյունավետության համար։ Ըստ Հայաստանի իշխանությունների, նրանք չեն կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները։ Սակայն Մոսկվան բազմիցս է պարզաբանել, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել ադրբեջանական տարածք դեռևս 2022 թվականին, ուստի ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ Ռուսաստանը Բաքվի զինված գործողությունները չեն դիտարկել որպես հարձակում Հայաստանի վրա։

Իսկ ընդհանրապես, Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները վերջին տարիներին նկատելիորեն վատթարացել են: Չնայած Երևանն ընդգծել է կազմակերպությունից դուրս գալու ծրագրի բացակայությունը, բայց, միևնույն ժամանակ, սկսել է ակտիվորեն խոսել իր անվտանգության դիվերսիֆիկացման մասին։ Այդ հարցում Հայաստանի նոր գործընկերներ պետք է դառնան ԵՄ երկրները և ԱՄՆ-ը։ Չնայած այն հանգամանքին, որ որոշ փորձագետներ ակնկալում էին հայկական ուղղությամբ ակտիվ գործողություններ արևմտյան երկրների կողմից, իրականում իրավիճակը զարգանում է այլ սցենարով։ Մասնավորապես, Գերմանիան չի թաքցնում, որ Բեռլինը մտադիր չէ լրջորեն մեծացնել ռազմական համագործակցությունը Երևանի հետ։

Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի անդամ Յան Նոլտեն iz.ru-ի հետ զրույցում ասել է, որ Գերմանիայի խորհրդարանը չի դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը։ «Իշխանությունները ցանկանում են շարունակել զենքով աջակցել Ուկրաինային։ Անհասկանալի է նաև, թե ինչպես կզարգանա իրավիճակը Իսրայելում և Գազայի հատվածում։ Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին: Համենայն դեպս, դա պաշտպանության հանձնաժողովի օրակարգում չկա»,- ասել է Յան Նոլտեն։

Ինչ վերաբերում է ընդհանրապես ԵՄ-ին, ապա այնտեղ դեռ քննարկվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: «Սակայն կոնկրետ որոշումներ չկան,- iz.ru-ի հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն,- ԵՄ-ն նաև չի նախատեսում իր տարածքում հայ զինվորականների վերապատրաստում, նույնը վերաբերում է նաև համատեղ զորավարժությունների հեռանկարներին։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»։

ԵՄ միակ երկիրը, որը «վերցրել» է հայկական ուղղությունը, Ֆրանսիան է։ Բայց Փարիզն ի վիճակի չէ միայնակ առաջ տանել իր քաղաքականությունը ԵՄ-ի մակարդակով: Հիմնական պատճառն այն է, որ ԵՄ-ում կան երկրներ, որոնք շահագրգռված են Բրյուսելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների պահպանմամբ։ «ԵՄ-ում կան «Ադրբեջանի բարեկամներ», որոնք արգելափակում են Ֆրանսիայի նախաձեռնությունները։ Դրանք հիմնականում Արևելյան Եվրոպայի երկրներն են՝ Հունգարիան, Բուլղարիան, Ռումինիան, ինչպես նաև Իտալիան և Հունաստանը։ Նրանք Ֆրանսիային թույլ չեն տալիս Ադրբեջանի դեմ օգտագործել ԵՄ-ի ողջ զինանոցը։ Դրանք այն երկրներն են, որոնք գազ են գնում Ադրբեջանից»,- iz.ru-ին ասել է Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը։ Միևնույն ժամանակ, Բաքուն, նրա խոսքով, պատրաստ է շարունակել զարգացնել տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ, մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի և անվտանգության ոլորտներում։

Այնուամենայնիվ, Ֆրանսիան սկսել է զենք մատակարարել Հայաստանին, ինչն առաջ երբեք չէր եղել: Բաքուն կտրուկ դատապարտել է Փարիզի այդ գործողությունները։ Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին փոխանցած ֆրանսիական սպառազինությունը անվանել է «անպիտան»։ Միևնույն ժամանակ, Մոսկվան համեմատաբար հանգիստ է վերաբերվել եվրոպական երկրների հետ ռազմաքաղաքական կապեր հաստատելու Հայաստանի փորձերին։ «Նրանք չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- iz.ru-ին ասել է մի բարձրաստիճան աղբյուր։

«Փաշինյանն անցել է բազմավեկտոր կուրսի և փորձում է մի շարք խնդիրներ լուծել՝ հույսը դնելով Արևմուտքի օգնության վրա։ Ֆրանսիան այստեղ առաջատար խաղացողներից մեկն է՝ հաշվի առնելով այն, որ Ֆրանսիայի էթնիկ հայերի համայնքը բավականին մեծ է՝ մոտ 400 հազար»,- iz.ru-ին ասել է Եվրոպայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Ֆեդորովը:

Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանիի կարծիքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությունը կարող է վնասել ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերություններին։ Բաքուն դարձել է ԵՄ էներգառեսուրսների կարևոր մատակարար այն բանից հետո, երբ Բրյուսելը Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումների կտրուկ կրճատման ուղղություն սահմանեց: «Մենք էներգիա մատակարարողների հետ նոր լարվածության տեղ չունենք, եթե, իհարկե, Էմանուել Մակրոնը չի ցանկանում սոցիալական հեղափոխություն հրահրել, — iz.ruին ասել է նա,- հաշվի առնելով Եվրոպայում մոլեգնող տնտեսական լարվածությունը և գնաճը՝ միանգամայն բնական է վախենալ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից»:

Մեկ այլ արևմտյան երկիր, որը կարող է ակտիվացնել իր գործողությունները Անդրկովկասում, իհարկե, ԱՄՆ-ն է, որը կարող է փորձել ՆԱՏՕ-ին մղել Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ԱՄՆ-ը ևս, ինչպես Գերմանիան, այժմ զբաղված է այլ խնդիրներով՝ պատերազմ Գազայում և աջակցություն Իսրայելին, օգնություն Ուկրաինային, նշել է Մոսկվայի Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկին։ «Բացի այդ, ԱՄՆ-ը ևս չի ցանկանա փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը հանդիսանում է էներգետիկ շուկայի կարևոր խաղացող: Այդ պատճառով էլ չպետք է հույս դնել Վաշինգտոնի կողմից Հայաստանի ռազմականացման և այդ ոլորտում Երևանի հետ մերձեցման վրա։ Այժմ ԱՄՆ-ն ավելի շուտ փորձում է հանդես գալ որպես հիմնական խաղաղարար, որն ի վիճակի է հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին»,ասել է նա «iz.ru»-ի հետ զրույցում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Оставьте комментарий