Ինչպե՞ս է իշխանությունն ընտրել «մեր ժամանակների հերոսին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 24-ին Երևանում կայացած «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը շատ քննարկվեց, ընդ որում՝ հիմնականում մեկ դրվագով՝ գլխավոր մրցանակին արժանացած Սևադա Խոջաբաղյանի ելույթի պատճառով։ Հիշեցնենք, որ Գորիսում մաթեմատիկայի ուսուցիչ աշխատող, դպրոցական ձեռնարկների հեղինակ Սևադա Խոջաբաղյանը ելույթում կոչ արեց բոլոր հայերին Հայաստան վերադառնալ, որովհետև, ըստ նրա, «արդեն պետություն ենք դառնում»։ Սա՝ այն դեպքում, երբ իր հայրենի Սյունիքից Ադրբեջանը 2020 թվականի դեկտեմբերից մինչ օրս օկուպացրել է ավելի քան 50 քառակուսի կիլոմետր տարածք և մեծամասամբ՝ հենց իր ծննդավայր Գորիսից։ Մի քանի օր շարունակ համացանցում և ռեալ կյանքում քննարկում էին այդ մարդուն։

Շատերը սուր քննադատության էին ենթարկում նրա ելույթը, շատերը, ցավոք, անդրադառնում էին նրա արտաքինին, ոմանք պաշտպանում էին՝ նշելով, թե վաստակ ունեցող գիտնական է և այդ կոչմանը՝ արժանի: Իրականում ինչո՞ւ հենց Սևադա Խոջաբաղյանն ընտրվեց որպես «մեր ժամանակների հերոս»: Ըստ մեզ հասած տեղեկությունների, իշխանությունները հատուկ են հենց Սյունիքից կատարել ընտրությունը, մի վայրից, որի մի մասը հանձնված է թշնամուն։ Մյուս կողմից՝ հայտնի է մի պատմություն՝ կապված նշյալ ուսուցչի «նախնիներից» մեկի հետ, որը 1918-20 թվականներին զենք է վաճառել թուրքերին և դաժանորեն պատժվել Գարեգին Նժդեհի կողմից: Խոսքը վաճառական խոջա Բաղիրի մասին է, որի կերպարն առկա է նաև Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքում: Ինչպես Սյունիքում են նշում, Սևադա Խոջաբաղյանը նշյալ անձի զուտ շառավիղներից մեկն է և «ծառից հեռու ընկած պտուղ»։

Այդուամենայնիվ, հայտնի է, որ այս իշխանությունը մեծ ուշադրություն է դարձնում սիմվոլիզմին: Նիկոլ Փաշինյանը վստահաբար քաջատեղյակ է թե՛ նշյալ պատմությանը, թե՛ Բակունցի պատմվածքին: Նա նույնիսկ նախորդ տարվա հուլիսի 25-ի ասուլիսում դժգոհում էր, թե «մինչև ե՞րբ ենք ապրելու «նամակ՝ ռուսաց թագավորին» ժանրի մեջ»: Թե կոնկրետ ինչ «մեսիջ» է Նիկոլ Փաշինյանը հղում սրանով, գուցե ժամանակը ցույց տա, բայց փաստը մնում է փաստ, որ նույնիսկ պարգևատրումները Նիկոլ Փաշինյանի օրոք մանրամասն քաղաքական հաշվարկի, շոուի ու «սիմվոլիզմի» արդյունք են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Оставьте комментарий