Հայաստանի ձախողումների պտտօղակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության օրակարգի» միֆը

Ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում։ Դրա վկայությունն այն է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը ոչինչ չի ստացել, իսկ մինչ այդ հակառակորդի ախորժակն ավելի է բացվում։ Մեր պետությունը միայն անընդհատ զիջումներ կատարելու ուղի է որդեգրել։ Պարզ է, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի նոր կապիտուլյացիան է, որին էլ որոշ ժամանակ անց պետք է հետևի մեկ այլ կապիտուլյացիա։ Եվ, ի տարբերություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որն, ըստ էության, առաջին կապիտուլ յացիոն փաստաթուղթն էր, այս անգամ արդեն Բաքվից Հայաստանին նոր պահանջներ են պարտադրվում։ Ու պատահական չէ, որ ադրբեջանական կողմից նշում են, թե խաղաղության պայամանագիրը կնքվելու է իրենց առաջարկներին համապատասխան։ Իսկ վերջերս էլ Ալիևը տեղական լրատվամիջոցների հետ զրույցում հոխորտաց Հայաստանի հասցեին և պարզորոշ կերպով ցույց տվեց, որ Ադրբեջանը շարունակելու է տարածքային նկրտումներ ունենալ Հայաստանի նկատմամբ։ Սակայն Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն բարձրացնում Արցախում Ադրբեջանի կատարած հանցագործությունների թեման, այլև տևականորեն միայն «խաղաղության օրակարգի» մասին են խոսում։

Այնինչ, Ալիևի վերջին հայտարարության մեջ գեթ մեկ անգամ «խաղաղություն» բառը չհնչեց, ինչը ցույց է տալիս, որ իրականում խաղաղության գործընթաց չկա, այլ գործ ունենք միայն պարտադրանքի հետ։ Պարզ է, որ խաղաղության գործընթացը պետք է ենթադրեր որոշակի փոխհամաձայնություններ, փոխադարձ զիջումներ, սակայն Ալիևը ցույց տվեց, որ հայկական կողմի ոչ մի առաջարկ իրենց համար կտրականապես ընդունելի չէ։ Ու, ինչպես փորձը ցույց է տալիս, ադրբեջանական մի պահանջին փոխարինելու է մյուսը։ Այսինքն, երբ Հայաստանը զիջի, ապա նոր զիջումներ են պահանջվելու։ Մյուս կողմից էլ՝ այս համատեքստում Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ նոր ագրեսիայի է պատրաստվում, եթե Հայաստանը չկատարի իր պահանջները։ Հենց դրանով է պայմանավորված, որ այս փուլում Ադրբեջանը սպառազինությունների մեծ խմբաքանակ է ձեռք բերում։ Եվ մամուլում պարբերաբար հանդիպում ենք դեպի Ադրբեջան սպառազինությունների տեղափոխման ու չվերթների մասին փաստերի։

Ակնհայտ իրողություններ

Պետք է ծայրաստիճան անհեռատես լինել պարզ իրողությունները չտեսնելու և իրադարձությունների ընթացքը չհասկանալու համար։ Որևէ մեկը կարո՞ղ է բերել գեթ մեկ փաստ, որ Ադրբեջանի համար ընդունելի է եղել հայկական կողմի որևէ էական առաջարկ։ Երբ Հայաստանը ինչ-որ առաջարկ է առաջ քաշել, Ադրբեջանը կա՛մ մերժել է, կա՛մ էլ դրա հակաառաջարկն է առաջ մղել։ Հենց նույն տրամաբանության շրջանակներում է, որ Բաքուն մերժում է զորքերի հայելային հետքաշման, ճանապարհների ապաշրջափակման ու 1975 թվականի քարտեզներով սահմանագծում կատարելու առաջարկները։ Սակայն այս պայմաններում Փաշինյանը նոր առաջարկ է հնչեցնում. առաջարկում է Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինությունների վերահսկման պայմանագիր կնքել։ Սակայն ի սկզբանե պարզ է, որ Ադրբեջանը չի ընդունելու այդ առաջարկը, իսկ Բաքվի պահանջն այն է, որ Հայաստանը բանակ չունենա։

Քանի որ Փաշինյանը իդեալական կերպով իր հանգրվանին հասցրեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործը, ապա Բաքվում համոզված են, որ, հանուն իր իշխանության պահպանման, նա ընդունակ է մյուս պահանջները ևս գլուխը կախ իրականացնել։ Այս անգամ Փաշինյանը գոնե համարձակություն ունեցավ արձագանքել Ալիևի հայտարարություններին՝ նշելով, թե դրանք հարված են խաղաղության գործընթացին։ Բայց առկա պայմաններում խաղաղության մասին խոսակցությունն ուղղակի ժամանակի վատնում է, քանի որ խաղաղության գործընթաց չի էլ եղել։ Միաժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ուղղակի ինքնախոստովանություն արեց, որ ձախողել է իր, այսպես ասած, «խաղաղության օրակարգը», որով փափուկ բարձ էր դնում ժողովրդի գլխի տակ։ Եվ այդպիսով նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր իշխանությունը վաղուց սպառվել է բոլոր առումներով։ Բանակցային հարթակում ինքը չկա, գոյություն չունի, ըստ այդմ, իր պատճառով նաև Հայաստանն էլ չկա։

Արտաքին քաղաքական ձախողման առանցքը

Եթե որևէ պետության ղեկավար մյուս ինքնիշխան պետության տարածքի նկատմամբ հավակնություններ է ներկայացնում կամ խախտում է տարածքային ամբողջականությունը, ապա, որպես կանոն, դրան հետևում է միջազգային հանրության համապատասխան արձագանքը։ Բայց ադրբեջանական զինված ուժերն այսօր գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ Ալիևը Հայաստանի տարածքի նկատմամբ կոնկրետ հավակնություններ է ներկայացնում, ու միջազգային հանրության կողմից որևէ հակազդեցություն չկա։ Օրինակ՝ Ալիևի վերջին հայտարարություններից հետո Արևմուտքից նշում են, որ իրենք հավատում են, թե հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատել։ Իսկ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն արցախահայության նկատմամբ իրագործված ակնհայտ հանցագործությունների պարագայում հայտարարում է, թե չկա որևէ փաստաթուղթ, որը ցույց կտա, թե էթնիկ զտումներ են տեղի ունեցել։

Ու ամենազարմանալին այն է, որ ագրեսիվ ու հանցագործ պետությունը միջազգային հարաբերություններում ոչ միայն ընդունելություն է գտնում, այլ նրան վստահվում է այնպիսի խոշոր միջոցառման կազմակերպումն, ինչպիսին այս տարի կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանն («COP29») է։ Այս ամենը նաև Հայաստանի արտաքին քաղաքական կշռի մասին է վկայում։ Կա՞ որևէ լուրջ արտաքին քաղաքական նախաձեռնություն, որը Հայաստանը հաջողել է, միանշանակ չկա։ Ադրբեջանը չեղածից ու կեղծիքներից իրողություններ է ստեղծում, իսկ հայկական կողմն իր ձեռքում ունեցած կոնկրետ փաստերը չի կարողանում օգտագործել։ Հետո էլ Փաշինյանը մեծ ոգևորությամբ հայտարարում է, թե դրամական պարգև է խոստանում նրան, ով նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը գտնի։ Իբր որ Լաչինի միջանցքի մասին նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված էր, մի՞թե դա խոչընդոտեց Ադրբեջանին փակել այն, ապա հայաթափել Արցախը։ Պարզ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն Ադրբեջանն ինչպես ցանկանում, այնպես էլ մեկնաբանում է, բայց, միևնույն ժամանակ, պարզ է նաև, որ Փաշինյանն իր ձեռքով է ստորագրել այդ փաստաթուղթը, որի մեջ ներառված է եղել կետ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի մասին՝Բաքվի շահարկումների համար առիթ ստեղծելով։

«Հայրենասիրություն-կախիչ» մոդելը

Այն պարագայում, երբ տարբեր պատասխանատու կառույցներ ու գերատեսչություններ են գործում պետության կողմից նախաձեռնված աշխատանքներին հետևելու ու դրա արդյունքները ստուգելու համար, Փաշինյանը սկսել է ցուցադրաբար մարզեր այցելել, ստուգել կախիչները, զուգարանները, ցնցուղները և այլն։ Ու այս ամենից մի այնպիսի մեծ աղմուկ է բարձրացվում, որ տպավորություն է առաջանում, թե երկրի վարչապետն անձամբ է ապօրինությունների դեմ պայքարում։ Ու ահա, քպականների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը փորձեց որոշակի պարզաբանումներ ներկայացնել այդ կապակցությամբ։ Նա նշեց, թե կախիչներից են սկսվում մեր բոլոր պրոբլեմները և բոլոր պրոբլեմների լուծումները։ Ու Փաշինյանը կախիչների հարցը կապեց հայրենասիրության և պրոֆեսիոնալիզմի հետ՝ ընդգծելով, թե հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է, ըստ այդմ էլ կարևոր է, որ ամեն մի աշխատող կամ պատասխանատու իր տեղում աշխատանքը պրոֆեսիոնալ ձևով կատարի։ Բայց Փաշինյանի խոսքերը հակասում են իր քայլերին։ Մի՞թե ինքը չէր, որ ինչքան ոչ կոմպետենտ մարդ կար, որ ընդհանրապես գաղափար չուներ պետական ապարատի կամ կառավարման մասին, բերեց, տեղավորեց պետական կառավարման ամենաբարձր օղակներում։

Փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանի համար ո՛չ մասնագիտությունը նշանակություն ունի, ո՛չ էլ ունեցած փորձը։ Նրա կադրային քաղաքականությունը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։ Դրա արդյունքում էլ Գյումրիից Երևան քայլելու համար իր համախոհները ամենաբարձր պաշտոնները ստացան։ Ու այդ մարդիկ, արդյունքներ չգրանցելով հանդերձ, այսօր շատ բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում այն պարագայում, երբ պետական կառավարման համակարգի ավելի ներքևի օղակներում հանգրվանած պրոֆեսիոնալները ոչ միայն քիչ են վարձատրվում, այլև ստիպված են կատարել նրանց անտրամաբանական հրահանգները։ Չնայած զարամանալ պետք չէ, քանի որ Փաշինյանն ինքն էլ ոչ կոմպետենտ է: Բայց պետք է ընդունել, որ մի գործում՝ գոնե շոուներ սարքելու ու մանիպուլ յացիների հարցում, վաղուց մեծ մասնագետ է։ Եթե Փաշինյանն իրոք անկեղծ է, պրոֆեսիոնալիզմին ու հայրենասիրությանը մեծ ուշադրություն է դարձնում, ինչո՞ւ այնպիսի քաղաքականություն վարեց, որը ճանապարհ բացեց բանակի թուլացման ու վարկաբեկման համար։

Ինչքան քիչ թե շատ փորձ ունեցող զինվորականներ ու սպաներ կային, իշխանությունների կողմից վարկաբեկվեցին, իսկ զինված ուժերի համակարգը հասցվեց ելակի մակարդակի։ Կամ ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանն ուշադրություն է դարձնում զուգարանների ապակիներին, սակայն չի մտածում այն մասին, որ առանց հրթիռների կործանիչների ձեռք բերումը մեզ համար ոչ մի հարց չի լուծում։ Նույնը վերաբերում է Հորդանանից դուրս գրված «Օսա-ԱԿ» ՀՕՊ համակարգերի ձեռք բերմանը։ Դեռևս 2019 թվականին բազմաթիվ փորձագետներ այս համակարգերը անվանում էին մետաղի ջարդոն՝ պնդելով, որ այն չի կարող պաշտպանել Հայաստանի կամ Արցախի օդը։ Տպավորություն է, որ ՀՀ իշխանություններն իրենց աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքում փուշ են ման գալիս։ Հետո էլ Փաշինյանը պետականությունից է ճառում, հայտարարում է, թե մեր հայրենիքը պետք է տեղավորվի մեր պետականության շրջանակներում, որը մեր պատասխանատվության տակ է։ Բայց իրենց մեղքով այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այսօր կանգնած ենք մեր ինքնիշխանությունը կորցնելու ռեալ վտանգի առաջ։ Կարճ ասած՝ Փաշինյանը փորձում է իբր այդպիսով վարկանիշ հավաքել, բայց դրա փոխարեն մեր պետությունն է հանձնում թշնամուն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Оставьте комментарий