Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին

Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել իսրայելական բանակի 12 դիրքի: Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին հայտնել է Լիբանանի ուղղությամբ պատասխան հարվածներ հասցնելու մասին։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Հեզբոլլահ»-ի հայտարարությանը, փետրվարի 22-ին «Հեզբոլլահ»-ի մարտիկներն ինը դիրք են գնդակոծել արևելյան, երեքը՝ արևմտյան ուղղությամբ։ Շարժումն ընդգծել է, որ իսրայելական ռազմական դիրքերի վրա հարվածների ժամանակ կիրառվել են հրթիռներ:

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը փետրվարի 22-ի ուշ երեկոյան հաղորդել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանից իսրայելական տարածքի վրա հրթիռային և ականանետային հարձակումների:

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում գրանցվել են բազմաթիվ արձակումներ Իսրայելի հյուսիսում գտնվող Զարիթ և Մեթուլա շրջանների ուղղությամբ: ԻՊԲ-ի զինվորները հարվածել են այն հատվածներին, որտեղից կրակ էր բացվում», — ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հավելել է, որ «օրվա ընթացքում ԻՊԲ-ի հրետանին կրակ է բացել Լիբանանի հարավի առանձին շրջաններում` սպառնալիքները վերացնելու նպատակով»:

Оставьте комментарий