Օտարերկրյա վարձկանները մասնակցել են Ռուսաստան մտնելու դիվերսանտների փորձին․ ՌԴ ՊՆ

Դիվերսանտների թվում, որոնք նախօրեին փորձել են ներխուժել Ռուսաստան Ուկրաինայի կողմից, օտարերկրյա վարձկաններ են եղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:

«Մոսկվայի ժամանակով ժամը 16:30-ի սահմաններում հատուկ գործողությունների ուժերի և օտարերկրյա վարձկանների ուկրաինական դիվերսիոն խումբը երկու Մի-8 ուղղաթիռներով, օգտագործելով տեղանքի ռելիեֆի առանձնահատկությունները, Ուկրաինայի տարածքում մինչև 30 մարդուց բաղկացած դեսանտ է իջեցրել՝ պետական սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա»,-ասված է պաշտպանական գերատեսչության մամուլի տեղեկագրում:

Վայրէջքից հետո դիվերսանտները ուղղվել են դեպի Բելգորոդի մարզի սահմանամերձ Կոզինկա գյուղ և ծայրամասում գտնվող մի քանի տուն մտել: Հետագա առաջխաղացման ժամանակ նրանց նկատել են ռուս զինվորականներն ու ԱԴԾ սահմանապահ մարմինների աշխատակիցները։
Հակառակորդին հարված են հասցրել հրետանու, ավիացիայի, ինչպես նաև կառավարվող ավիառումբերի կիրառմամբ։
Զգալի կորուստներ կրելով՝ գրոհայինները նահանջել են Ուկրաինայի տարածք։ Դիվերսիոն խմբի մնացորդները դուրս են եկել ականապատ դաշտ, որտեղ նրանց ոչնչացրել են։
«Այդ գործողության հետ միաժամանակ «Տորնադո» ՀԿՌՀ-ով ոչնչացվել է հակառակորդի մի խումբ, որն առաջ էր շարժվում վիրավոր և սպանված ուկրաինացի դիվերսանտներին տարհանելու համար։ Ուկրաինայի Զինված ուժերի ընդհանուր կորուստները կազմել են ավելի քան 50 մարդ»,-նշել են ՌԴ ՊՆ-ում։

Оставьте комментарий