«Սա Հայաստանին, հայ ժողովրդին սիրաշահելու, հույսեր ներշնչելու, հակառուսականությունն ավելի գեղեցիկ փաթեթավորելու և ներկայացնելու համար է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը կարող է ԵՄ անդամության հայտ ներկայացնել: Այս տեղեկության և, ընդհանրապես, վերջին օրերին ակտիվացած այս թեմայի հետ կապված՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանն ասում է՝ այս ամենում կա հոգեբանական ու քարոզչական կոմպոնենտ, բայց ավելի լուրջ խնդրի հետ գործ ունենք:

«ԵՄ-ի անդամակցության գործընթացը երկար տարիներ ձգվող ընթացակարգ է: Պետք է համապատասխանել բազմաթիվ չափանիշների. Հայաստանը, մեղմ ասած, հեռու է դրանից: Դրան հասնելու ճանապարհն այս արագությամբ ընթացող պրոցեսների պայմաններում առավել քան անիրատեսական է: Ի՞նչ է անում Արևմուտքը: 2021 թ.-ից հետո ՌուսաստանԱրևմուտք հարաբերությունների սրությունը հասավ իր գագաթնակետին և դրսևորվեց ռազմական գործողություններով ուկրաինական ճակատում: Դրանից հետո Արևմուտքը Հարավային Կովկասում հետապնդում է մեկ կարևոր նպատակ՝ նվազեցնել Ռուսաստանի դերակատարումը կամ ընդհանրապես դուրս մղել նրան տարածաշրջանից: Հաջողելու պարագայում նաև կարևոր խնդիր ունեն՝ Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացել, որն առնվազն ռեսուրսներ խլելու առումով կաշխատի հօգուտ իրենց: Այստեղ Արևմուտքի կողմից ուրիշ շահեր, նկրտումներ՝ կապված Հայաստանի, Ադրբեջանի հետ, այս պահի դրությամբ չկան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Ընդգծում է՝ մի փոքր բացառություն պետք է անել Ֆրանսիայի պարագայում: «Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի բարեկամ երկիր: Այս մթնոլորտը, որն ի սկզբանե եղել է երկու պետությունների և ժողովուրդների միջև, հիմա ևս որոշակիորեն դրսևորվում է: 2020 թ.-ի պատերազմի ժամանակ, տարբերվելով արևմտյան քաղաքական ընդհանուր գծից, Ֆրանսիան առաջարկում էր որոշակի քայլեր, որոնք չիրականացվեցին Հայաստանի իշխանությունների անգործության պատճառով: Այսօր էլ Ֆրանսիան բավականին ակտիվ է Հայաստանի հետ հարաբերություններում, բայց այսօրվա իրավիճակն անգամ Ֆրանսիայի պարագայում նյուանսային տարբերություններ է տալիս, որովհետև անկախ նրանից, որ Ֆրանսիան մեր բարեկամ երկիրն է, պարզ լեզվով ասած՝ ուզում է օգնել, ըստ էության, այսօր նաև Արևմուտքի ընդհանուր քաղաքականության հիմնական իրականացնողն է: Շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է ուզում Արևմուտքը, և սեփական քայլերը բխեցնել դրանից: Այսօր գործ ունենք լարվածության այն աստիճանի հասած իրավիճակի հետ, որ կողմերից յուրաքանչյուրը հետամուտ է բացառապես շատ կարճաժամկետ հեռանկարում իր շահերի բավարարմանը: Այն ամենը, ինչ կատարվում է դեպի Հայաստան ու Ադրբեջան, դրա հիմքում ընկած չէ արդարությանը հետամուտ լինելու սկզբունքը, իրական խաղաղության հասնելու, միջնորդելու ձգտումը, անգամ ընկած չէ լիարժեք խաղաղության հասնելու խնդիրը: Եթե տարածաշրջանից Ռուսաստանը դուրս գա, Արևմուտքն այդ չկարգավորված կոնֆլիկտում կստանձնի Ռուսաստանի դերը»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում ենք ԵԽ-ի՝ «Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևին, որում դատապարտվում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք: «Սա նույն թիրախին հարվածող, սակայն ավելի շատ դեպի Ադրբեջան նյուանսներ պարունակող քայլ է: Եթե մի քանի տարի առաջ նման բանաձևի մասին զրուցեինք, տող առ տող այն կվերլուծեինք, կհամեմատեինք նախորդների հետ, թե ինչպես այն կարող է նպաստել իրավիճակին, ինչ կարող ենք քաղել դրանից: Այսօր սա երկրորդական է: Եվրոպական կառույցները, նույն ԵԽ-ն սրանով կարևոր մեսիջ են հղում Ադրբեջանին՝ հաշվի առնելով վերջինիս կեցվածքը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի համատեքստում:

Նախորդ տարվա վերջին ամիսներին Ադրբեջանը բոյկոտում էր բոլոր արևմտյան հարթակները, և հստակ երևում էր, որ Ալիևը չի պատրաստվում ուղղակիորեն առճակատման գնալ Մոսկվայի դեմ: Հետո ականատես եղանք Ադրբեջանում ընտրություններին: Իրենց հանրությանը և միջազգային գործընկերներին չհիմնավորեցին, թե ինչո՞ւ են գնում արտահերթ ընտրությունների, ընտրական պրոցեսներ մտան աբսուրդի հասնող խախտումներով, թույլ չտվեցին դիտորդներին մասնակցել և այլն: Սա Արևմուտքի համար անցանկալի վերաբերմունք էր, հիմա նման քայլերով նրանք են վերաբերմունք ցույց տալիս Ադրբեջանին: Բայց սա չի անցնելու այն սահմանը, որ Բաքու-Բրյուսել, Բաքու-Վաշինգտոն առանցքներում կենսական հարցերին է առնչվում: Չեն անցնելու պատժամիջոցների այնպիսի քաղաքականության, որն իրապես խնդիրը լուծող կլինի: Բավարարվում են միայն հայտարարություններով, բանաձևերով, կոչերով, բայց իրական հողի վրա դա իրավիճակ չի փոխելու: Յուրաքանչյուրը հիմա խոսում է այն մասին, որ Եվրոպան նորից ավելի «հայկական» է, հայկական լոբբիի ազդեցության տակ է, բայց այս ամենը միայն տեղեկատվական դաշտում, սրա մասին կարդում ենք, բայց իրական քաղաքականության մեջ սա Ադրբեջանին շատ չի հուզում: Ադրբեջանը խոսում է բանակցային գործընթացում նպաստավոր իրավիճակի մասին, հընթացս ստանում են իրենց ուզածը և առաջ են մղում իրենց օրակարգը: Մնացածը Հայաստանին, հայ ժողովրդին սիրաշահելու, հույսեր ներշնչելու, հակառուսականությունն ավելի գեղեցիկ փաթեթավորելու և ներկայացնելու համար է, ոչ ավելին»,-հավելում է փորձագետը:

Զրույցի ավարտին անդրադառնում ենք Արցախյան հիմնախնդրին: «2020 թ.-ի պատերազմից հետո անընդհատ բարձրաձայնվում է, որ պետք է լինի իշխանափոխություն՝ ելնելով նրանից, որ ստորագրված փաստաթուղթը գործող իշխանությունների առավելագույնն է, գուցե հաջորդները կարողանան բանակցել կետերի շուրջ, որոնք դեռևս կյանքի չէին կոչվել: Յուրաքանչյուր կորցրած օրը, երբ չեղան փոփոխություններ, ու շարունակվեց այդ ընթացքը, ամրագրեց պարտության էջը, շրջեց ու անցավ հաջորդին: Սա հընթացս գնացող պրոցես է, ու դեռ այդ պրոցեսի մեջ ենք: Արցախյան հարցը բավական բարդ իրավիճակում է: Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առաջ իրականացրեց հերթական ագրեսիան, էթնիկ զտում և ցեղասպան գործողություններ իրականացրեց և այսօր փորձում է մարսել իր արածը: Եթե ունենայինք նորմալ իրավիճակ, և պետությունը պայքարեր Ադրբեջանի քաղաքականության դեմ, արտաքին, քարոզչական, տեղեկատվական, դիվանագիտական հարթակներում իրական պայքար ընթանար, այսօր ուրիշ հարցերի մասին կխոսեինք:

Այն քաղաքականությունը, որն այսօր իրականացնում է Բաքուն Արցախի հարցը լիարժեք փակելու ու արագ մարսելու առումով, Հայաստանի իշխանությունների կողմից ցանկացած քայլերով ստանում է նպաստավոր պայմաններ դա կյանքի կոչելու համար: Սրան գումարվում է Արցախի իշխանությունների լռությունը, կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, բայց արձանագրենք, որ այս պրոցեսում նրանք լուռ դիտող են: Այս իրավիճակում լռելն ընդունելի տարբերակ չէ: Ունենք Արցախի հարցերով զբաղվող հանձնախումբ՝ Արցախի ԱԺ-ի կողմից լիազորված մարմին, որը տեսանելի ու ոչ տեսանելի աշխատանքներ է իրականացնում: Ունենք առանձին պաշտոնյաներ, որոնք ամեն կերպ ու տարբեր հարթակներում բարձրաձայնում են Արցախի շուրջ քաղաքական խնդիրները: Հայաստանի ներսում այսօր Արցախի մասին զրույցների հիմնական շեշտադրումները սոցիալական են: Այո, դա շատ կարևոր է, որովհետև մարդիկ ամեն օր իրենց մաշկի վրա զգում են սոցիալական խնդիրները: Դա անտեսել չի կարելի, խնդիրները պետք է լուծում ստանան: Բայց փորձ է արվում այս կարևոր շեշտադրումը դնելով՝ հետին պլան մղել քաղաքական հարցերը, և հենց սրանով է Ադրբեջանի քաղաքականության մարսեցում իրականացվում: Իմ կարծիքով, պետք է մեդիայի, հասարակական կազմակերպությունների, հանրության միջոցով արցախցիների քաղաքական իրավունքների հարցը միշտ պահել ակտուալ:

Մարդիկ, որոնք բարձրաձայնում են այս հարցերը, իրենց թիկունքում պետք է ունենան հանրության ձայնը, որը չի առաջնորդվում բացառապես սոցիալական խնդիրներով: Սոցիալական բաղադրիչը չպետք է ընկալվի որպես այս մարդկանց հարցերի վերջնական լուծում, սա պետք է լինի հանգրվանային կետ մարդկանց արժանապատիվ կեցությունը Հայաստանում ապահովելու համար, որ արտագաղթի տեմպերը չմեծանան: Հայաստանի իշխանություններն այսօր ոչ միայն չեն նպաստում, այլ խանգարում են այս օրակարգի առաջքաշմանը, օժանդակում են մարսեցման քաղաքականությանը, ինչ-ինչ պատճառներով չեն խոսում Արցախի իշխանությունները, բայց փորձագիտական հանրույթը, մեդիադաշտը քաղաքական խնդիրների հարցը պետք է մշտապես բարձրաձայնեն»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Оставьте комментарий