«Ճշմարտությունը կամաց-կամաց են ասում, որ ժողովուրդը չիմանա, թե իրականում ինչ է գալու մեր գլխին և փողոց դուրս չգա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության շուրջ օղակը սեղմվում է: Այսպես են փորձագետները բնորոշում այն գործողությունները, որոնք տեղի են ունենում մեր երկրի, ավելի կոնկրետ՝ Տավուշի շուրջ: Նիկոլ Փաշինյանը խոսում է Տավուշից չորս գյուղի հանձնման մասին՝ ձևակերպելով գործընթացը որպես դրանց «վերադարձ» ադրբեջանական կողմին: Փորձելով մանիպուլացնել հանրությանը, գուցե նաև այդ կերպ լեգիտիմացնել իր հետագա քայլերը՝ ասում է, թե այդ գյուղերի տեղանուններն ադրբեջանական են, իրենք ցանկանում են սահմանագծում և սահմանազատում իրականացնել, որ վերջապես խաղաղություն լինի տարածաշրջանում:

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ասում է՝ տեղի ունեցող գործընթացը դիտարկելիս պետք է անդրադառնալ մի քանի կետի: «Առաջինը՝ եթե խոսում ենք այն գյուղերի մասին, որտեղ խորհրդային ժամանակաշրջանում ադրբեջանցիներ էին ապրում, ապա Ադրբեջանում նույնպես կային գյուղեր, որտեղ հայեր էին ապրում: Այսինքն, սիմետրիկ փոխանակման մասին չի խոսվում, մենք ուղղակի զիջում ենք: Երկրորդը և ամենակարևորը՝ սա զիջումների վերջը չէ, Ադրբեջանը գնալով ավելի շատ է պահանջելու: Այս գյուղերից հետո պահանջելու է Տիգրանաշենը (Քյարքին), ինչից հետո մենք կտրվելու ենք Իրանից, դրանից հետո կորցնելու ենք Սյունիքը և ստեղծվելու է «Զանգեզուրի միջանցքը», որի մասին նրանք անընդհատ խոսում են:

Երրորդը՝ այն մարդիկ, որոնք այս գյուղերում ապրում էին, արդյոք մասնակցե՞լ են Հայաստանի ընտրություններին, որովհետև եթե մասնակցել են, փաստորեն նրանք ապրել են Հայաստանի տարածքից դուրս՝ ադրբեջանական տարածքում և մասնակցել են մեր ընտրություններին: Դա հետաքրքիր հարց է, պետք է քննարկել: Չորրորդը՝ այնտեղով գնում է մեր գազատարը և հիմնական ճանապարհներից մեկը, որը մեզ կապում է Վրաստանի հետ: Այդ հարցն ինչպե՞ս է լուծվելու: Քանի՞ տարի հետո է նոր ճանապարհ կառուցվելու: Մեր գազի գինը որքա՞ն է լինելու: Մատակարարումների հարցն ինչպե՞ս է կարգավորվելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչիկյանը:

Նշում է՝ խնդիրը միայն այս գյուղերը չեն, խնդիրն այն է, որ մենք արդեն մի քանի տարի շարունակ ամեն ինչում պարտվում ենք, զիջում: «Հետ ենք քաշվում, իսկ թշնամին քայլ առ քայլ առաջ է գալիս, և նա կանգ չի առնելու: Հինգ-վեց տարի սա բացատրում ենք, բայց իշխանություններն անընդհատ ու ամեն ինչում զիջում են»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորը շեշտում է՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացը կարող է ամիսներ, անգամ տարիներ շարունակվել: Այս համատեքստում զրուցում ենք թեմայի այն շեշտադրման մասին, թե ինչո՞ւ այս գործընթացը չի սկսվում Գեղարքունիքից, Սյունիքից կամ Վայոց ձորից, որտեղ թշնամին ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք և օկուպացրել դրա որոշակի հատվածներ: Ի դեպ, Հայաստանի իշխանությունների՝ այս մասին հիշատակումները շատ քիչ են:

«Մեր տարածքը նույնպես գրավված է Ադրբեջանի կողմից, այդ տարածքները նրանք ազատելո՞ւ են, ասում են, որ ոչ: Ասում են, որ հետ չեն քաշվելու: Այսինքն՝ շարունակաբար ամեն ինչում զիջում ենք, պարտվում և հույս ունենք, որ մեր թշնամին իր վարքը կփոխի, բայց դա տեղի չի ունենում, նրանք մեր սահմաններից հետ չեն քաշվում, այդ դեպքում ինչո՞ւ մենք պետք է զիջումների գնանք: Այնտեղ մարդիկ են ապրում, որոնք քվեարկել էին այս խմբի համար: Հայաստանի իշխանություններն, այո՛, շատ քիչ են խոսում Ադրբեջանի կողմից մեր տարածքների օկուպացիայի մասին: Իրենց ստրատեգիան այն է, որ ճշմարտությունը կամացկամաց ասեն, որպեսզի ժողովուրդը դուրս չգա փողոց: Հիմա այս գյուղերի մասին կխոսեն, հետո մյուս գյուղը կհանձնեն, որոշ ժամանակ հետո Տիգրանաշենը, հետո Սյունիքը: Իրենք կամաց-կամաց են հանձնում, միանգամից ճիշտը չեն ասում: Հետո կիմանանք, թե նրանք ինչի մասին են պայմանավորվել: Ճշմարտությունը կամաց-կամաց ասելու նպատակն այն է, որ ժողովուրդը չիմանա, թե իրականում ինչ է գալու մեր գլխին և փողոց դուրս չգա»,-եզրափակում է Արթուր Խաչիկյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Оставьте комментарий